Տ. Ուրիխանյան. Ո՞վ կշահի ԵՏՄ-ին անդամակցելուց` ՀՀ-ն, թե առանձին մարդիկ, մենաշնորհային ընկերություններ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հնարավորություն է Հայաստանի համար դուրս գալ դեպի 170 միլիոնանոց շուկա: Այլ հարց է` հայաստանյան իրողությունները հաշվի առնելով դրանից շահելու է պետական բյուջե՞ն, որը կարող է անգամներով կրկնապատկել իր եկամուտները, թե առանձին վերցված մարդիկ, մենաշնորհային ընկերություններ և այլն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, անցած շաբաթ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց 2014 թ-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները:
Տ. Ուրիխանյանի ուշադրության կենտրոնում են նաև կոմունիկացիներին վերաբերող խնդիրները, որոնք, ըստ պատգամավորի, Հայաստանի համար գերկարևոր նշանակություն ունեն: Մասնավորապես` աբխազական երկաթգծի հատվածը, և այս իմաստով լուրջ հնարավորություն է մեզ համար նորովի վերաիմաստավորելու ու նորովի առաջ քաշելու այդ հարցը այլևս գործընկեր պետությունների` Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի առջև:
Բացի այդ, ամենագլխավորը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի. «Այն չի կարող չդիտարկվել Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսակետից, հետևաբար, նաև Հայաստանի Հանրապետության, քանի որ բոլորիս է հայտնի, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է հանդիսանում: Այս պարագայում պետք է հաշվի առնենք, որ որևէ այլընտրանքային տարբերակ այլ պետություններից կամ միջպետական միավորումներից` ԵՄ-ից մասնավորապես մենք երբևէ չենք ունեցել և չունենք»:
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, շարունակեց նա, թե ինչ նոր հնարավորություններ է ձեռք բերելու ՀՀ-ը հաշվի առնելով այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տրվող կարգավիճակները, որոնց մասին մենք երկար բանակցություններ ենք ունեցել:
Օրինակ, Նովգորոդում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական կոմիտեի նիստում ինքը հանդես է եկել առաջարկով` ստեղծել ՀՀ և ՌԴ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը պետք է մշակի մոդելային, նաև ենթաօրենսդրական ակտեր և այլն, որոնք իրենց հերթին պետք է նաև պայմաններ ապահովեն ԵՏՄ պայմաններում և տարածքում հայաստանյան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գործունեության համար. «Սրանք բոլորը հարցեր են, որոնք մենք պետք է քննարկենք` արդյո՞ք հայաստանյան ներկայիս իրողությունը հնարավորություն է տալու օգտվելու դրանից, թե կստացվի այնպես, ինչպես ասում էր ՌԴ վարչապետը` хотели как лучше, получилось как всегда»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է պայմանագրի սահմանադրականությանը, ապա Տ.Ուրիխանյանը նկատեց, որ դրա հետ կապված գնահատականը տվել և պետք է տար Սահմանադրական դատարանը, որը ահռելի աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Իսկ երբ պայմանագիրը կբերվի Ազգային Ժողով` իրենք նոր կսկսեն մասնագիտական քննարկումներն ու ուսումնասիրությունը:
Թեմային առնչվող`
ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները