«Ադրբեջանում առկա են մտավախություններ, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը կարող է խթան հանդիսանալ ԼՂՀ-ի ճանաչման համար»
Ադրբեջանում առկա են մտավախություններ, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» և «Լուգանսկի ժողովրդական հարապետության» ճանաչումը կարող է խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի նախագահ, քաղաքագետ Մարատ Տերտերովը (Բրյուսել):
Քաղաքագետի կարծիքով` Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրումը որևէ կերպ չի անդրադառնա ԼՂ հակամարտության վրա:
«Պատժամիջոցները ուղղակիորեն կապված չեն ԼՂ հակամարտության և դրա կարգավորման հետ: Այդուամենայնիվ, ինչպես ես հասկանում եմ ադրբեջանական որոշ փորձագետների և քաղաքական գործիչների հայտարարություններից, Ադրբեջանում առկա են մտավախություններ, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» և «Լուգանսկի ժողովրդական հարապետության» ճանաչումը, ինչի պատճառով որ սկսվել է պատժամիջոցների հակամարտությունը, (Ղրիմը, ինչպես նշում են արևմտյան վերլուծաբանները, արդեն մոռացված պատմություն է) կարող է խթան հանդիսանալ ԼՂՀ-ի ճանաչման համար»,-նշել է Մարատ Տերտերովը:
Վերջինիս համոզմամբ` պաշտոնական Մոսկվան ԼՂ հակամարտությունը ընկալում է, որպես «օգտագործման ենթական գործիք»:
Պատասխանելով այն հարցին, թե ի վիճակի՞ են արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հակամարտության լուծման գործընթացում հանդես գալ միևնույն դիրքերից` Մարատ Տերտերովը, մասնավորապես նշել է.«Կարծում եմ, ավելի շուտ ոչ, քան`այո: Ռուսաստանը ավելի ու ավելի է ձգտում մոնոպոլացնել այս գործընթացը: Ես գիտեմ, որ դեսպան Ուորլիքի որոշ առաջարկությունները Հայաստանում որոշ փորձագետների կողմից դրական արձագանքի են արժանացել: Սակայն, մյուս կողմից, երբ խոսքը գնում է ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ինձ դժվար է պատկերացնել, որ անգամ իրենք` համանախագահները կարող են անկախ լինել ազգային զգացմունքներից և իրենց երկրների քաղաքական շահերից»: