Թուրքիայի արտգործնախարար. Ղարաբաղի հարցը չի լուծվում, որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություն կա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Կանալ 24» հեռուստաալիքի եթերից անդրադարձել է տարածաշրջանային մի շարք խնդիրների: Չավուշօղլուն դատապարտել է Ղրիմի միացումը Ռուսաստանին և խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրից:
Նախարարը նախ ընդգծել է, որ սառը պատերազմը ըստ էության չի ավարտվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Թեև Բեռլինի պատը քանդվել է, բայց չեն քանդվել «ուղեղների մեջ եղած պատերը»:
Ըստ Չավուշօղլուի` սառը պատերազմը շարունակվում է և ավելի արտահայտիչ դրսևորում է ստացել հատկապես վերջին ժամանակաշրջանում. «Ինչո՞ւ չի լուծվում Ղարաբաղի հարցը: Որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություն կա: Դեռևս շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, բայց դրանից Արևմուտքին օգուտ չի լինում: Ուկրաինային ի՞նչ օգուտ կա դրանից, ոչ մի: Մի խոսքով, հարկավոր է, որ Ռուսաստանը և Արևմուտքը դաս քաղեն անցյալից և հասկանան, թե ինչի է հանգեցնում սառը պատերազմը»: