Մեկնարկում է «WebԾիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը
Այսօրվանից մեկնարկում է «WebԾիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը: Կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015 թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումների: Մրցանակակիրներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին, որը, ըստ Հ. Խաչատրյանի, կազմվելու է ֆիլմերը ստանալուց հետո: Սահմանված է 1 գլխավոր (մրցանակակիրը կպարգևատրվի 400 հազար դրամով և հատուկ դիպլոմով) և 2 խրախուսական մրցանակ: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանան «Համակրանք» խրախուսական մրցանակի և հատուկ դիպլոմի:
Հ. Խաչատրյանի խոսքով, այս կինոփառատոնը հնարավորություն կտա հիմնականում հայ երիտասարդ կինոարտադրողներին ներկայացնել իրենց ֆիլմերը:
«Տարեցտարի և ներկայացվող ֆիլմերի որակն է բարձրանում, և երիտասարդների թիվն է ավելանում»,- նշեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրենը:
«WebԾիրան» կինոփառատոնն անցկացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ: Ասուլիսին ներկա ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ կինոփառատոնը հնարավորություն է ընձեռում հանրությանը ներկայացնել երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները:
«Փառատոնը սկսնակ ռեժիսորներին ընձեռում է առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն և ազատում հովանավորներ փնտրելու անհրաժեշտությունից»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
Ֆիլմերը «WebԾիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար պետք է ներկայացնել DVD ֆորմատով՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, դեկտեմբերի 3-ից մինչև 2015 թ. հունվարի 25-ը: