Բաքուն ԵԱՀԿ պատվիրակության անվտանգության ապահովման ոչ մի երաշխիք չի տվել ուղղաթիռի անկման տարածքում
Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը երաշխիքներ չի տրամադրել ուղղաթիռի անկման վայրում զննում անցկացնելու համար, ուստի այդ պատճառով մշտադիտարկում չի անցկացվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Кавказский узел»-ը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում:
Նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը ծրագրել էր մշտադիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի Ասկերանի ուղղությամբ: Մշտադիտարկումն անցկացվել է առանց միջադեպերի, սակայն դիտորդները, չնայած ղարաբաղյան կողմի պնդումներին, հրաժարվել են այցելել ադրբեջանցիների կողմից խոցված հայկական Մի-24 ռազմական ուղղաթիռի անկման վայր:
«Մենք փորձել ենք շփման գծում՝ խոցված ուղղաթիռի անկման հատվածում, ԵԱՀԿ մշտադիտարկում անցկացնել, սակայն Բաքուն ԵԱՀԿ պատվիրակության անվտանգության ապահովման ոչ մի երաշխիք չի տվել այդ տարածքում»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Կասպշիկի խոսքերով՝ ցանկացած մշտադիտարկում նախապես ծրագրվում է, տրվում են հայտեր, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ անցկացվեն:
«Այսօրվա մշտադիտարկման անցկացման հայտը տրվել էր նախքան ուղղաթիռի միջադեպը: Բնականաբար, ողբերգությունից հետո ես ցանկացա մշտադիտարկում անել ուղղաթիռի անկման վայրում, սակայն Ադրբեջանում իմ գործընկերը պատասխանեց, թե իրավիճակն այդ տարածքում լարված է, անհնար է անվտանգության երաշխիքներ տալ, որոնք անհրաժեշտ են մեր աշխատանքի համար»,- հայտարարել է Կասպշիկը:
Ուստի, նրա խոսքերով, «որոշում է ընդունվել ըստ պլանի մշտադիտարկում անցկացնել»: Կասպշիկը նաև նշել է, որ ուղղաթիռի մասին բանակցություններն ընթանում են:
«Ես հասկանում եմ անհանգստությունը: Անում եմ այն, ինչ կարող եմ ու ինչ հնարավոր է, որպեսզի հնարավորինս շուտ ուղղաթիռի մոտ հասնելու հնարավորություն լինի»,- նկատել է նա:
Նրա խոսքերով՝ այս հարցը քննարկվելու է այս շաբաթ Բաքվում:
Շփման գծի այն հատվածը, որտեղ անցկացվել է ԵԱՀԿ-ի մշտադիտարկումը, ադրբեջանցի զինվորականների կողմից նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռի անկման վայրից մոտ 12 կմ հեռավորության վրա է:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան