«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները` գործարարների մասնակցությամբ
«Այբ» դպրոցում նախօրեին տեղի է ունեցել «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հերթական հանրային լսումները՝ ՀՀ գործարարների և բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները: Այս մասին հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ցանկացած ապագայի ծրագիր անիմաստ մի բան է դառնում, եթե չկա այդ ապագան ապահովող մարդկային ռեսուրս»,- նշել է Տեր Մեսրոպ քահանան:
Նա նաև հավելել է, որ արդյունքներին երկար պետք է սպասել, սակայն դա ամենահավաստի, ամենաստույգ ներդրումն է, որ հաստատ արդյունք է տալու:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանն էլ նշել է, որ պետական կառույցների ու պաշտոնյաների աջակցությունը միայն բավարար չէ, ծրագրի կողքին անհրաժեշտ են կամավորներ:
Ծրագրի ներկայացումից հետո անց է կացվել քննարկում գործարարների հետ:
Հարցին, թե որո՞նք են լավագույն կրթական չափանիշները, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ խոսքը գնում է առարկայական բովանդակության և արժեքների մասին. «Արարատյան բակալավրիատի նպատակն է սահմանել և ստեղծել ազգային արժեքների ներդրման մեխանիզմները: Լավ կրթությունը ենթադրում է արժեքների ձևավորում և առարկայի իրական ուսուցում: Առարկայական գիտելիքները չպետք է վարժեցնեն աշակերտներին, այլ սովորեցնեն առարկաները, երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնեն դեպի ուսումը, դեպի առարկան»:
Անդրադառնալով հարցին, որ ոչ բոլոր ընտանիքներում կա ճիշտ վերաբերմունք դպրոցի հարցում և հաճախ դպրոցը չի կարողանում շտկել ընտանիքի ազդեցությունը, Տեր Մեսրոպ քահանան ընդգծել է, որ մեր հասարակությունը կրթության սպառող է դարձել, հաճախ չի մասնակցում կրթության գործին: Ապագայի դպրոցները պետք է վերածվեն համայնքային կենտրոնների: Պետք է այդ գործընթացը սկսել շրջանավարտների միությունների ձևավորումից:
Հանրային լսումների նպատակն է հասարակության շահագրգիռ խմբերին իրազեկել ծրագրի մանրամասներին, ինչպես նաև, ստանալով նրանց կարծիքներն ու առաջարկները, մասնակից դարձնել ծրագրի լրամշակմանը։ Հանրային լսումները կշարունակվեն Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։ Քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վերջնական հաստատման:
Նախորդող հրապարակում՝
Վաղարշապատում մեկնարկել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլը
«Ուսուցչի ձեռքում է մեր ամենամեծ գանձը». Մեկնարկեցին «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա