Ադրբեջանցի պատգամավոր «նուրջուականը» կպատժվի Շերի երգի համար
Թուրքական MADO սրճարանի ադրբեջանական մասնաճյուղը խլելու են «նուրջուական» պատգամավոր Ջեյհուն Օսմանլըի ձեռքից, քանի որ Բաքվի իր ռեստորանում հայկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհի Շերի երգն է հնչել: Այս մասին ադրբեջանական Minval.az պորտալին հաղորդել են իր աղբյուրները:
Ինչպես նշված է նյութում, հայտնի թուրքական բրենդային MADO սրճարանի ադրբեջանական մասնաճյուղի հարցն օրակարգում է, քանի որ պաշտոնական Անկարան պահանջում է արմատախիլ անել Ֆաթուլլահ Գյուլենի կրոնական ուղղության ճյուղն Ադրբեջանում: Աղբյուրի խոսքերով՝ MADO-ի ադրբեջանական ճյուղի սեփականատերն ադրբեջանական Ireli (İrəli İctimai Birliyi) երիտասարդական շարժման նախկին առաջնորդ Ջեյհուն Օսմանլըն է, որը գլխավորում է «ադրբեջանցի նուրջուականների» ցուցակը:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ MADO-ի մասնաճյուղում, որը տեղակայված է Բաքվի Ռուսական դրամատիկ թատրոնի հարևանությամբ, հնչեց հայկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհու երգը: Այս ամենի վկան՝ ölkə.az կայքի աշխատակիցը, գրեց այդ մասին: Հրապարակման մեջ ասվում է, թե մասնաճյուղի ղեկավարությունը սկզբում ուշադրություն չի դարձրել այցելուների բողոքներին ամերիկացի երգչուհի Շեր Սարգսյանի կատարման առնչությամբ: Սակայն երբ MADO-ի աշխատակիցները նկատել են դժգոհողների թվի աճը, փոխել են ձայնասկավառակը»,- նշում է աղբյուրը:
Ինչպես նշված է նյութում, դեկտեմբերի 17-ին Մեծ կոռուպցիոն գործողությունից հետո, որը, ինչպես ասված է, կազմակերպվել էր Գյուլենի շարժման կողմից իշխող AKP կուսակցության դեմ, Էրդողանը նպատակադրվեց վերջ դնել Գյուլենի ցանցին ոչ միայն Թուրքիայում, այլև այլ երկրներում, որտեղ որ այն գործում է: «Ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական մամուլում շատ հոդվածներ գրվեցին այն մասին, որ Էրդողանն այդ առնչությամբ բանակցություններ է վարում Բաքվի հետ, որտեղ ուղարկվել են հատուկ դոսյեներ: Ադրբեջանում գյուլենական դպրոցների փակումը, նախագահի աշխատակազմի բաժիններից մեկի պետ Էլնուր Ասլանովին ու «նուրջուական» ցանցի մյուս ներկայացուցիչներին հեռացնելը բացատրվում է հենց դրանով: Էրդողանի ընտրվելուց հետո «զուգահեռ իշխանության» դեմ պայքարն ուժեղացել է: Բացի իրավապահ մարմիններում երկար տարիներ աշխատող դրա անդամների ձերբակալությունից, Անկարան լայնամասշտաբ գործողություն է սկսել այս ուղղության հիմնական ֆինանսական աղբյուրների չեզոքացման համար»,- նշված է հոդվածում:
Աղբյուրը չի բացառում այն տարբերակը, որ MADO-ի սրճարանում՝ քաղաքի կենտրոնում, հայ երգչուհու երգի հնչեցումը սադրանք է եղել, որի նպատակն Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը հրավիրելն է Էրդողանին տված իրենց խոստումներին:
Ադրբեջանական Minval.az տեղեկատվական պորտալը նաև հայտնում է, որ Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալըն ժողովրդին կոչ է արել բոյկոտել MADO սրճարանը: «Նման տիպի սրճարանները, որտեղ թշնամական երաժշտություն է հնչում, վնաս են հասցնում ազգային մտածողությանը. դրանք պետք է բոյկոտել: Սեփականատերերը չպետք է մոռանան, որ նրանք գործում են Ադրբեջանում, և նմանատիպ պահվածքը կարող է հանգեցնել լուրջ պատժամիջոցների»,- հայտարարել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին