270 մլն դոլարի վարկ ՌԴ-ից` հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, համաձայնագրով ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է մինչև 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:
Նախագծի հիմնավորման համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը մոտենում է ավարտին, բացի այդ, 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար համատեղ ջանքերի կենտրոնացման վերաբերյալ բարձր մակարդակով նախկինում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք ամագրված են 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների համատեղ արված հայտարարությամբ:
Ծրագրի իրականացման առաջին փուլն իր մեջ ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետվությունների պատրաստումը, «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրերի» մշակումը:
Ծրագրի իրականացման երկրորդ փուլն իր մեջ ներառում է հետազոտական, հաշվարկային, անալիտիկ, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործարքակարգաբերման աշխատանքները, որոնք ապահովում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախապատրաստումը շահագործման երկարաձգմանը համաձայն «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրի», ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը: