Մանկական սրճարանում փուչիկները պայթելու դեպքը հետաքննվում է
Ոստիկանության կենտրոնական բաժնում «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունի դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում: Panorama.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Այս մասին Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր մոտ տեսանյութ է տեղադրել:
Ըստ տարածված տեղեկատվության, սրճարանում ծննդյան տորթը կտրելու ժամանակ պայթել են հյուրերի ձեռքում եղած փուչիկները: Մի քանի երեխաներ 1-ին, 2-րդ կարգի այրվածքներով օգնություն են ստացել հիվանդանոցում: Երեխաների ծնողները դիմել են ոստիկանություն:
«Չաո Բամբինո» մանկական սրճարանից Panorama.am-ի հետ զրույցում ասացին, որ փուչիկները իրենք են տրամադրել, բայց իրենք դրանք ձեռք են բերել «Փուչիկների աշխարհ»-ից, ինչի մասին նշված է նաև իրենց ֆեյսբուքյան էջում:
«Տրամադրողն ինքը պետք է ասի, թե ինչ է եղել մեջը, որ պայթել է: Ինքը պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար»,- ասացին սրճարանից:
«Փուչիկների աշխարհ»-ի գլխավոր տնօրեն Արթուրը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք փուչիկներ չեն պատրաստում, այլ պատվիրում են, բերում են. «List.am-ում լիքը համարներ կան, զանգում ենք, պատվիրում ենք, բերում են: Կոնկրետ ումից եմ պատվիրել երեկ, չեմ կարող հիշել, մի քանի հոգի էին: Կարողա՞ իմ պատվիրած փուչիկները չեն պայթել»:
Լրացում
Նշենք, որ Էլեկտրոնային ռեգիստրի պաշտոնական կայքում «Փուչիկների աշխարհ» փնտրելու արդյունքում ոչ մի այդպիսի գրանցում չգտնվեց: