Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր. Թուրքիան արցախյան հակամարտության սկզբից ի վեր ոչ կառուցողական դեր է ունեցել
«Արցախ նահանգը մշտապես Հայաստանի մաս է կազմել»,-այդ մասին իրանական «Իրդիփլամասի.իր» կայքին տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի պատգամավորը, անդրադառնալով արցախյան հակամարտության դրդապատճառներին, մասնավորապես նշել է. «1921թ. Խորհային Միության ղեկավարությունը Արցախն ու Նախիջևանը Հայաստանից անջատեց և դրանք միացրեց Ադրբեջանին, և սա այն դեպքում, երբ նշված շրջաններում հայեր էին ապրում. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հասունացավ պատմական տարածքները ազատագրելու հարցը»:
Հայազգի պատգամավորը, անդրադառնալով ԼՂ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Թուրքիան հակամարտության սկզբից ի վեր ոչ կառուցողական դեր է ունեցել. Հակառակ Թուրքիայի` Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես պնդել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն Թուրքիան միակողմանի քաղաքականություն է վարել` աջակցելով Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան սեյյեդ Ալի Սաղայիանը, օրերս «Իրդիփլոմասի.իռ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Իրանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որպեսզի բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվեն խաղաղ ճանապարհով. Հակամարտության լուծումը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն`
Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան. Թեհրանը Բաքվին հորդորում է չմիջամտել իր ներքին գործերին