Ռամիլ Սաֆարովը հանցագործ է. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ Panorama.am-ը զրուցել է երեկ ԵԽԽՎ-ում ընդունված` «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձևի մասին:
«Զեկույցը ներառված էր Մշտական Կոմիտեի նիստի օրակարգում, այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարել մեր պատվիրակության անդամները, հատկապես Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն ու ուրիշները: Զեկուցողն էր բրիտանացի պատվիրակ, Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար պարոն Քրիստոֆեր Չոփը»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, Քրիստոֆեր Չոփն ընդգծել է, որ Ադրբեջանն ազատել է դատապարտված մարդասպանին, ով կացնահարել է քնած մարդուն, ավելին նրան հերոսացրել է, այդպիսով խախտելով նշված կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից մեկը` 12-րդ կետը` այդ փաստաթղթի բարեխիղճ կիրառման մասին:
«Քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշեց, որ իհարկե Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները` հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում: Հպանցիկ հիշատակվեց նաև օրերս խոցված ուղղաթիռը և այլն, ինչպես նաև իր` ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը»,- պատմեց Հ.Նաղդալյանը:
Այս ելույթն անպատասխան չի մնացել, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն էլ ընդգծել է այն հանգամանքը, որ ինչպես միշտ` ադրբեջանցիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, ինչն արդեն արել է դատարանը նրան հանցագործ ճանաչելով, և դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում և պարոն Սեիդովը, այլ զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր` այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով և հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ:
«Ինչ վերաբերում է պատերազմին, ապա 1994 թ-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը, որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն և ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է»,- հավելել է Հ. Նաղդալյանը:
Թեմայի շուրջ`
ԵԽԽՎ-ն ընդունեց «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան