Մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Եթովպիայի միջև
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:
Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու և երկու երկրների միջև փոխճանաչելիություն ապահովելու համար: Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութային կազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով:
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների, մշակութային արժեքների պահպանության, ժողովրդական արվեստի և մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաև թատրոնի, գրադարանի և արխիվի միջև տեղեկատվության և մասնագետների փոխանակմանը:
Նախարարը նշել է, որ մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը միջպետական մակարդակով հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է և հույս հայտնել, որ մշակույթը փոխհամագործակցության ճանապարհ կբացի նաև այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որով պետք է ընթանա հայ-եթովպիական մշակութային հարաբերությունները: Նախարար Հ. Պողոսյանը Եթովպիայի իր գործընկերոջը 2015 թվականին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու «Մշակութային քաղաքականություն: Քաղաքականություն մշակույթի համար» խորագրով համաժողովին, ինչպես նաև նախանշելու և քննարկելու համատեղ ծրագրերը: