Ջրագծի պայթյունից տուժած կապանցի ընտանիքների մի մասը դեռ բարեկամների տանն է ապրում
Կապանում նոյեմբերի երկուսին տեղի ունեցած ջրագծի պայթյունի հետևանքով պատճառած վնասը գերազանցում է 60 մլն դրամը, իսկ տուժած բնակիչների մի մասն ապրում է բարեկամների տանը կամ վարձով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կապանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը:
Հիշեցնենք, որ Կապանը սնուցող մայր ջրագծի՝ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել էր հարակից Բաղաբերդ թաղամասի 17-րդ շենքը: Վնասվել են շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքները, 15 բնակարան, շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզը, բակային տարածքն ու բակում կայանված ավտոմեքենաներ:
Չնայած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը խոստացել էր փոխհատուցել քաղաքի մայր ջրագծի պայթելու հետևանքով պատճառված վնասները, սակայն այս պահին փոխհատուցման ենթակա գումարի վերաբերյալ կողմերը համաձայնության չեն եկել:
«Բնակիչներին (թվով 26 բնակարան) և թիվ 5 ՆՈՒՀ-ին պատճառած վնասի փոխհատուցման չափերն են` նորոգման աշխատանքներ՝ 32 մլն 260 հազ. 508 դրամ, գույք՝ 25 մլն 274 հազ. 250 դրամ, մեքենաներ (թվով 6) 2 մլն 500 հազ. դրամ լրացուցիչ ծախսեր՝ 910 հազ. դրամ, գնահատման ծառայության վճար՝ 910 հազ. դրամ ընդամնեը 61 մլն 854 հազ. 758 դրամ, որից 4 մլն 441 հազ. 864 դրամը ՆՈՒՀ-ի փոխհատուցման գումարն է»,-հաշվարկած վնասները ներկայացրեց մամուլի քարտուղարը:
Գ. Իսախանյանի խոսքով, վթարի հասցրած վնասի չափը ներկայացվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը:
«Բնակիչների ու ՆՈՒՀ-ի վնասների մասով առարկություն չի եղել: Մյուս մասով` բնակիչների համասեփականությանը (տանիք, շքամուտք և բակի մի մասը) և համայնքային սեփականությանը (բակը, խաղահրապարակը, կանգառը և հանգստյան գոտու մի մասը) հասցված վնասի գնահատման վերաբերյալ կա որոշակի անհամաձայնություն: Փոխհամաձայնեցման աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Պայթյունի հետևանքով վնասված բնակարաններում ապրող ընտանիքների մի մասը վերադարձել և ապրում է բնակարաններում: Բնակիչների մի մասը ժամանակավորապես ապրում է բարեկամների, հարազատների մոտ, որոշ ընտանիքներ էլ ապրում են վարձով, որի դիմաց փոխհատուցվելու են:
«Նրանց գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը վերականգնվել է դեպքից 3 օր հետո»,-ասաց նա:
Մանկապարտեզի վնասված խմբասենյակներն այսօր չեն օգտագործվում, իսկ մանկապարտեզը սկսել է գործել վթարից մեկ օր անց:
Քաղաքապետարանի խոսնակն ասաց, որ կրած վնասի ծավալները և փոխհատուցվող գումարի չափը համաձայնեցված է բնակիչների հետ: Յուրաքանչյուր բնակարանի համար պատրաստվում է համապատասխան փաստաթղթերով փաթեթ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից արդեն քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին փոխանցվել է 60 մլն դրամ: Առաջին իսկ փաթեթը պատրաստը լինելուն պես սկսվելու է վճարման գործընթացը: Բայց վթարի հիմնական փաստաթուղթը` վերջնական եզրակացությունը, համաձայնեցման փուլում է:
«Այն պետք է ստորագրվի քաղաքապետարանի, մարզպետարանի, ԱԻ-ի, համատիրության և «Հայջրմուղկոյուղու» կողմից, որից հետո միայն ամբողջական կլինեն ջրատարի վթարի հասցված վնասի չափերը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները