Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է սիրահար զույգերին համատեղ զբոսանքի պատճառով. «Ազատություն»
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մարդու իրավունքների սահմաններն ավելի ու ավելի են սեղմվում: Քաղաքական բնագավառից զատ` սահմանափակումները դեռ վաղուց են ներթափանցել առօրյա կյանք ու կենցաղ: Հաղորդվում է, որ արդեն իսկ գաղտնի կերպով արգելք է սահմանվել սիրահար զույգերի ու նույնիսկ նշանադրվածների` հասարակական վայրերում համատեղ զբոսանքների վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղին տեղեկացրել են Նախիջևանում սովորող մի խումբ ուսանողներ:
Նրանց խոսքերով` ոստիկանությունը թիրախավորել է ոչ միայն այն զույգերին, ովքեր ձեռք-ձեռք բռնած քայլում են, այլև նույնիսկ նրանց, ովքեր պարզապես իրար կողք-կողքի զբոսնում են: Երիտասարդները հայտնում են, որ նման կերպ վարվող զույգերը փողոցի մեջտեղում ենթարկվում են անցորդների վիրավորանքներին, ապա նրանց տեղափոխում են ոստիկանական բաժանմունք:
«Այստեղ նրանցից պահանջում են փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ զույգերն ամուսիններ են կամ նշանադրված են կամ հարաբերություններ ունեն: Իսկ ի՞նչ փաստաթուղթ պետք է ապացուցի, որ մարդիկ նշանված են կամ հարաբերություններ ունեն: Եթե օրինակ ամուսնության վկայականը բացակայում է, զույգերին սպասվում է կամ մեծ չափերի տուգանք կամ է մի քանի ժամ ձերբակալություն»,- ասված է հոդվածում:
Ուսանողների խոսքերով` իրենք նախընտրում են պարտքով վերցնել պահանջվող գումարը, միայն թե խայտառակ չլինեն հարազատների ու ծանոթների մոտ:
«Ոստիկանությունը թափառում է քաղաքով մեկ: Տեսնելով տղային ու աղջկան միասին, անկախ նրանից` արդյոք նրանք ընկերներ են, թե սիրահարներ, թե օրինակ սովորում են մի խմբում` ոստիկանները բառացիորեն հարձակվում են նրանց վրա ու տանում ոստիկանական բաժանմունք»,- հաղորդում է ուսանողներից մեկը:
Նրա խոսքերով` Նախիջևանում ուսանողները չեն կարողանում ապրել ուսանողի կենսակերպով: Ինչպես նշված է նյութում, Նախիջևանի բնակիչներից մեկը, որը ցանկացավ անհայտ մնալ, պատմել է «Ազատությանը», թե իր մտերիմ բարեկամներից մեկը կտրել է երակները` ի նշան բողոքի, երբ նրան ձերբակալելիս են եղել իր հարսնացուի հետ զբոսնելիս ու տարել ոստիկանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպանները վաղուց են Նախիջևանը որակել «Ադրբեջանի սև կղզի»: Տեղացի իրավապաշտպաններն էլ իրենց հերթին նշում են, որ ինքնավարությունը դարձել է Ադրբեջանի իշխանությունների` մարդու իրավունքների խախտման լաբորատորիա: Այսպես, ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների, տանջանքների ու ճնշումների մեթոդները, որոնք փորձարկվում են Նախիջևանում, այնուհետև տարածվում են բուն Ադրբեջանի տարածքով մեկ:
Նյութեր թեմայի շուրջ`
Նախիջևանում սպառնում են զինծառայության տանել քաղաքացիական չափազանց ակտիվ դիրքորոշում ունեցող 60-ամյա քաղաքացուն
Նախիջևանի պետական հաստատություններում աշխատող կանանց արգելել են կարճաթև վերնաշապիկ հագնել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին