ՀՀ օմբուդսմենը դիմել է ԵԽ հանձնակատարին՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Նամակում ասված է. «Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին և դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում:
Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել:
Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյանհատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում քւսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Մինչև օրս հայկական կողմին չի հաջողվել մոտենալ ուղղաթիռի ընկած վայրին՝ ադրբեջանական կողմից այդ ուղղությամբ պարբերաբար հնչող կրակոցների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում