Կառավարությունն ու ԱԺ-ն հերթական անգամ մերժեցին Փոստանջյանին
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախօրեին մերժել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի նախագիծը, որով դատապարտում է Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը: Ավելի վաղ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն էր հայտնել նաև ՀՀ կառավարությունը, ըստ որի` նախագիծը ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն և բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
Մերժման կապակցությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
«Ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու վերաբերյալ շարունակաբար ժխտողական քաղաքականությանը այսօր միացավ նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը մերժեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած նախագիծը՝ ՀՀ ԱԺ հայտարարությունը, որով ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, և Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպան քաղաքականության հետևանքով, որի հիմնական թիրախը հայերն էին՝ տեղի են ունեցել նաև այլ ազգերի զանգվածային կոտորածներ ևս:
Շուրջ 20-ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը պետական ճանաչում և դատապարտում չի հայտարարել Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության ցեղասպան քաղաքականության վերաբերյալ, երբ վերջինիս հետևանքով տեղի են ունեցել ոչ միայն հայ ժողովրդի ցեղասպանություն և Մեծ հայրենազրկում, այլև այլ ժողովուրդների ցեղասպանություն նույնպես:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ազգությամբ հույների, ասորիների և եզդիների պահանջը՝ դատապարտել Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը իրենց ազգերի նկատմամբ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից մերժումը հերթական և դատապարտելի որոշումներից մեկն է: Իսկ բուն դատապարտման նախագծից առանձին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, միայն «Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 9-ին» օրենքի ընդունմամբ, դա ոչ այլ ինչ է, քան ձևական գործողություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան