Յուրի Դավթյան. Խաչատրյանի ստեղծագործություններն այբուբենի նման մի բան են
Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրված համերգը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 85-ամյա հոբելյանին։ Այս մասին հայտնում է ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Յուրի Դավթյանը նշել է, որ ժամանակին ինքն իր ուսուցիչներից է (Սարաջև, Թավրիզյան) սովորել և նրանց ավանդներն է փոխանցել սերունդներին. «Նույն կերպ այսօր իմ ուսանողներն են վարվում։ Ոչ մի հանրապետությունում այսքան պրոֆեսիոնալ նվագախումբ չկա։ Բայց մենք ունենք, մեկը մյուսից լավ նվագախմբեր։ Իսկ Սերգեյ Սմբատյանի կոլեկտիվը, ում բախտ եմ ունեցել դասավանդել, կայացած նվագախումբ է, մեծ վերելքի մեջ է, և դա մեր պարծանքն է։ Նման դեպքերում կարող ենք մտածել, որ ժամանակին ամեն ինչ ճիշտ ենք արել, ինչը մեր երկրի ձեռքբերումն է»։
Խոսելով Արամ Խաչատրյանի մասին՝ Յուրի Դավթյանն ասել է, որ նա 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից է։ Իսկ նրա ստեղծագործություններն այբուբենի նման մի բան են, ինչը մենք, ամեն օր լսելով, զինվում ենք նախ հայկական, այնուհետև՝ համաշխարհային մեծ արվեստով։ Մաեստրոն նաև ընդգծել է, որ իր ղեկավարած նվագախմբերով մշտապես մեծագույն սիրով է կատարել Խաչատրյանի գործերը։ Այսօր էլ, ըստ դիրիժորի, գնահատելի է խաչատրյանական փառատոնի անցկացումը։
Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը, խոսելով Յուրի Դավթյանի արվեստի մասին, նշել է, որ նա երկու դարերի դիրիժոր է, դիրիժոր, ով 20-րդ դարը միացնում է 21-րդ դարի հետ։ Երիտասարդությունը շատ բնորոշ է Յուրի Դավթյանին։ Նա միշտ երիտասարդների հետ է, երիտասարդների կողքին, երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններն է կատարել։ Յուրի Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ ամենահեղինակավոր նվագախմբերը՝ ԽՍՀՄ Մեծ նվագախումբ, Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան նվագախումբ, Սարատովի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբ։
Յուրի Դավթյանին նվիրված համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ ելույթ են ունեցել երիտասարդական նվագախմբի մենակատարները։ Ծրագրում՝ Դմիտրի Շոստակովիչ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, մենակատար՝ Լևոն Առաքելյան (թավջութակ/Հայաստան), Կամիլ Սեն-Սանս՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, մենակատար՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր/Հայաստան/Ռուսաստան), Կլոդ Դեբյուսի՝ «Ծովը»։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին