Հունվար-հոկտեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշը աճել է 4.2 %-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.2 %-ով, իսկ 2013թ-ի հոկտեմբերի համեմատ աճել է 3.7%-ով: Ամսական կտրվածքով՝ հոկտեմբերը սեպտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 14.3%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2.2 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 5.6%-ով: Գյուղատնտեսության ոլորտում 2013թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.5%-ի աճ:
Նշված ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 0.7%-ով, շինարարության ոլորտում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 4.4%-ի անկում:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալները 2014թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ այս տարվա հունվար-հոկտեմբերին` 4.7%-ով:
Այս տարի նախորդ տարվա համեմատ 2.2%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7.2 %: Ըստ ԱՎԾ-ի` սպառողական գները հունվար-հոկտեմբերին աճել են 2.9%-ով, իսկ մեկ տարում` 2.2 %-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.2%-ով, հունվար-հոկտեմբերին` 3.6%-ով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 5.4%: Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 10.9%-ով աճել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները նվազել են 1.6%-ով:
Հունվար-հոկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7.8 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 8.8%. պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 145 հազ. 693 դրամ, իսկ մասնավոր հատվածում` 195,3 հազ. դրամ: