Միջազգային կառույցներում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորների միջև դիմակայություն է. «Ազադլիգ»
«Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Էլխան Սուլեյմանովն արշավ է սկսել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պատգամավոր Սամեդ Սեիդովի դեմ: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» ադրբեջանական թերթը՝ հղում անելով «Ռեյթինգ» պարբերականին:
Թերթը գրում է, թե դրա պատճառն այն է, որ վերջին շրջանում Սամեդ Սեիդովը մնացել է «ստվերում»: Նրա նկատմամբ վստահությունը նվազել է, քանի որ ԵԽԽՎ-ում պատգամավորի գործունեությունն իշխանությանը չի բավարարում: Ավելին, իշխանական օղակներում կարծում են, որ միջազգային հանրության ճնշումները հենց ռեկտոր-պատգամավորի անարդյունավետ գործունեության հետևանքն են:
Թերթը պնդում է, որ Սամեդ Սեիդովի լավ չաշխատելու մասին իշխանության վերին ատյաններում կարծիք ձևավորողների խումբը գլխավորում է հենց Էլխան Սուլեյմանովը:
«Զառամյալ պատգամավորն աշխատում է իշխանությանը հավատացնել, որ միջազգային կազմակերպությունների «բերանը փակելու» համար ինքը ԵԽԽՎ-ում մեր ներկայացուցչական պատվիրակության կողմից ավելի շատ գործ է կատարում»,- գրում է «Ազադլիգ»-ը:
Նշվում է նաև, որ Սամեդ Սեիդովը տեղյակ է իր մրցակցի քայլերից, և իր հերթին ջանքեր է գործադրում նրան շարքից հանելու համար: Ըստ աղբյուրի՝ Սեիդովն ու իր մտերիմները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում աշխատում են Էլխան Սուլեյմանովի՝ որպես կաշառակեր պատգամավորի վարկանիշ ստեղծել նրանց մոտ:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանում նոր թափ է ստանում Մեհտիև-Փաշաևներ ներիշխանական հակամարտությունը
«The Economist». ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ տերմինի արգելափակումը «աննման լկտիություն» է