Հետամուտ ենք լինելու, որ այս գործով ծածկադմփոց չլինի. Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչ
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում օրերս տեղի ունեցած հրդեհը հնարավոր է 2 հարյուր միլիոն դրամի վնաս պատճառած լինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Նա նշեց, որ հրդեհվել է ոչ միայն համալիրի շոգեբաղնիքը, այլ նաև ֆրանսիական արտադրոթյան լուսային տեխնիկա: Հրդեհը բռնկվել է անփութության հետևանքով, պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերվել, տարրական միջոցներ չեն եղել՝ շտապօգնություն, հրշեջ ծառայություն:
Կ. Գրիգորյանն ասաց, որ դիմել են արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարություններին, որ հստակ ներկայացնեն, թե ինչքան վնաս է պատճառվել հրդեհից: Դեռևս պատասխան չեն ստացել:
«Շարունակելու ենք այս հարցը բարձրացել, որ հստակ ներկայացնեն իրականությունը, պատժվեն այն մարդիկ, ովքեր հանցավոր մոտեցում են ցուցաբերել»,-նշեց նա՝ հավելելով, որ վնասը փոխհատուցելու պահանջ անպայման լինելու է:
Կ. Գրիգորյանը նաև նշեց, թե այն կարծիքները, որ նախկին սեփականատերը կապ չունի համալիրի հետ, սխալ են, քանի որ համալիրում կա գույք, որը ձեռք է բերել սեփականատերը, մի մասն էլ սեփականատիրոջ գործընկերներ կազմակերպություններ էին տրամադրել, որի ճակատագիրը հայտնի չէ, դրա համար չեն վճարել:
«Մենք հետամուտ ենք լինելու, որ այս գործով ծածկադմփոց չլինի: Պետք է հստակ պատասխանեն այն հարցերին, թե ո՞վ է իրավունք տվել շահագործել գույքը, և եթե վնասվել է գույքը, ո՞վ է փոխհատուցելու»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնել է պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Հիշեցենենք, որ նոյեմբերի 18-ին ժամը 21.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Այրվել էր համալիրի շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):
Այս օրը Մարզահամերգային համալիրում կայացել էր Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգը։ Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Հրդեհը բռնկվել էր համերգից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան