Մայր Աթոռում մեկնարկել է ռուս-հայկական թանգարանային ֆորումը
Այսօր, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկել է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները» ռուս-հայկական թանգարանային ֆորումը` կազմակերպված ՌԴ և ՀՀ Մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ֆորումը բացվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով Ֆորումի մասնակիցներին` Նաթան արքեպիսկոպոսը կարևորել է նման ձեռնարկների իրականացումը, որոնք օգտակար են փոխճանաչողության, ինչպես նաև թանգարանային ոլորտում առկա խնդիրների վերհանման և համատեղ հաղթահարման տեսանկյունից: Սրբազանը նաև վստահությամբ ընդգծել է, որ ֆորումը կնպաստի ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և նոր հագործակցությունների խթան կհանդիսանա:
Ֆորումի գումարումը ողջունել են նաև ֆորումի համակարգողներ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և ՌԴ Մշակույթի փոխնախարար Ելենա Միլովզորովան:
Ֆորումի շրջանակներում Մայր Աթոռում կազմակերպված առաջին կլոր սեղանը նվիրված էր մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերին: Այս նյութի շուրջ «Հայաստանի հոգևոր մշակույթի պահպանությունը. պետության և Եկեղեցու համագործակցության փորձ» թեմայով զեկույց ներկայացրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Առաջին նիստի ավարտին ֆորումի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալու Հայ Եկեղեցում պահպանվող հոգևոր-մշակութային արժեքներին: