ԵԽԽՎ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ իրավապաշտպանի ընտանիքին հետապնդելու համար
Նոյեմբերի սկզբին Մադրիդում կայացել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Գյուլնարա Ախունդովան, խոսել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների և իշխանությունների կամայականությունների մասին: Ելույթից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել են հետապնդել նրա ընտանիքի անդամներին, ինչն էլ հանգեցրել է ԵԽԽՎ պատվիրակների՝ Ադրբեջանի կառավարությանն ուղղված քննադատություններով մամուլի հաղորդագրությամբ հանդես գալուն:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԵԽԽՎ-ում զեկուցող Պիեռ-Իվ Լը Բորնի կողմից հրավիրվել և ելույթ էին ունենում փորձագետներ, որոնք ներկայացնում էին իրենց երկրներում հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքը: Ելույթ ունեցողների շարքում էր նաև Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Գյուլնարա Ախունդովան՝ «Մամուլին միջազգային աջակցություն» (International Media Support – IMS) ՀԿ-ի իրավապաշտպանը:
Ըստ հաղորդագրության՝ նա իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ գործադրվող խիստ ճնշումներին, Ադրբեջանում տիրող ապօրինություններին և բռնապետական մթնոլորտին: Ավելին, Ախունդովան անգամ կոչ է արել ԵԽԽՎ-ին ավելի արմատական վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նիստից ընդամենը մի քանի օր անց Գյուլնարա Ախունդովայի 70-ամյա մորն Ադրբեջանում բերման են ենթարկել և հարցաքննել, ինչից հետո նաև խուզարկել են տարեց կնոջ տունն իրավապաշտպանի երեխայի ներկայությամբ:
«Բարդ է հավատալ, որ դա պատահականություն է, քանի որ Իլհամ Ալիևի վարչակազմը քննադատությունների չի դիմանում»,- շեշտված է հաղորդագրության մեջ:
ԵԽԽՎ պատվիրակներն ընդգծում են, որ Ադրբեջանի իշխանությունների այս գործողություններն անընդունելի են և հակասում են Եվրոպայի խորհրդի հիմքում ընկած արժեքներին: «Բռնապետական ու կոռուպացված վարչակարգից նման քայլերը զարմանալի չեն: Չպետք է երբևէ թույլատրել մի երկրի, որի իշխանություններն ամեն օր ոտնահարում են մարդու իրավունքները և բանտ ուղարկում իրավապաշտպանների, նախագահել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինականության պաշտպանության համար ստեղծված կառույցում՝ Եվրոպայի խորհրդում»,- նկատում են հաղորդագրության հեղինակները՝ անդրադառնալով ԵԽ նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահությանը:
Պատվիրակներից Պիեռ-Իվ Լը Բորնը կոչ է անում իր գործընկերներին 2015 թվականի հունվարյան նստաշրջանին համատեղ ուժերով հրատապ կարգով քննարկել այս խնդիրը՝ դրա շուրջ արտահայտելով հստակ դիրքորոշում:
Նախորդող`
«HRW» և «RSF» անհանգստություն են հայտնել Ադրբեջանի՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու վերաբերյալ
ԵԽԽՎ նախագահը կրկին մտահոգություն է հայտնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ
ԵԽ նախարարների կոմիտեն՝ ընդդեմ ադրբեջանական իշխանությունների անօրինականությունների
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին