Բումերանգ. Տ.Ուրիխանյանի գույքի ու դրամական միջոցների վրա արգելանքը դրվել է ըստ ԱԺ ընդունած օրենքի
ԴԱՀԿ-ն արգելանք է դրել ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա` 5000 դրամ տուգանքի դիմաց:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում արտահայտվել է Ուրիխանյանը, մեղադրելով ԴԱՀԿ-ին ապօրինության մեջ. «ԴԱՀԿ-ն առանց դատարանի վճիռի արգելանք դրեց պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց դատարանի վճիռի»:
Իր գրառման վերջում պատգամավորը ԴԱՀԿ որոշումը ստորագրած հարկադիր կատարող Արմեն Պետրոսյանին խորհուրդ է տալիս ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը:
Տ. Ուրիխանյանի պնդած անօրինականության հետ կապված պարզաբանում վերցրեցինք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանից, ով մատնացույց արեց Ազգային ժողովի կողմից այս մասին ընդունած կոնկրետ օրենքներ:
«ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից 17.11.2014թ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը ուղարկված գրության համաձայն № 1401434271 որոշման հիման վրա Տիգրան Ուրիխանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 5000 ՀՀ դրամի չափով: Հիմք ընդունելով 05.12.2013թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդված և 07.01.2014թ. ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2013 թվականի դեկտեմբերի 5-ի № ՀՕ 141-Ն ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հարուցվել է կատարողական վարույթ և պարտավորության չափով արգելանք է կիրառվել Տ. Ուրիխանյանի դրամական միջոցների վրա»:
Հարցադրմանը, թե արդյո՞ք գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելը որևէ կապ ունի տուգանքի չափի հետ, Ռ. Եգանյանը պատասխանեց, թե օրենքը գործում է, եթե նույնիսկ տուգանքը ընդամենը 1000 դրամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները