ԱՄՀ. Ադրբեջանում խուսափում են կոռուպցիայի դեմ պայքարից, տնտեսությունը անկում է ապրում
Ադրբեջանի իշխանությունների ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարելու եւ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ շարունակում են մնալ անպտուղ: Իշխանությունները խուսափում են նման ռեֆորմներից: Այս մասին Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Ռաջա Ալմարզոքին:
Ալմարզոքին հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումները երկրում նվազում են, իսկ կոռուպցիան Ադրբեջանում գործարարության համար ամենամեծ խոչնդոտներից է շարունակում մնալ:
«Ադրբեջանի համար կարեւոր առաջնայնություն պետք է լինի նավթից ու գազից կախվածության թուլացումը», - ասել է Ալմարզոքին:
«Ադրբեջանի նոր “2020թ. Նայելով ապագային” ռազմավարությունը ենթադրում է ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն ստեղծել, բայց առաջընթացը այս հարցում դեռեւս տեսանելի չէ, մասամբ նաեւ գործարար միջավայրի բարելավման համար չափազանց կարեւոր բարեփոխումներ չիրականացնելու պատճառով», - հակակոռուպցիոն բարեփոխումներ չիրականացնելու համար Ադրբեջանի իշխանություններին քննադատելով ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, 2013թ օտարերկրյա ներդրումները Ադրբեջանում կազմել են $2,6մլրդ, ինչը նախորդ երեք տարիների համեմատ զգալի անկում է:
ԱՄՀ կանխատեսում է ընդամենը 4% աճ Ադրբեջանի տնտեսության համար 2014-ին, եւ 3,5% 2015-ին, ինչը զգալի անկում է նախորդ տարիների համեմատ: 2015թ Ադրբեջանի պետբյուժեի հաշվարկներում նավթի մեկ բարրելի գինը հաշվարկված է $90, այնինչ ներկայումս միջազգային շուկայում ադրբեջանական նավթի մեկ բարրելի արժեքը $80-ից նվազել է: