Ջո Բայդենը Թուրքիայում քննարկում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղիները
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկելու են Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անկնալվում է, որ բանակցությունները կենտրոնանալու են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում Թուրքիայի դերակատարման վրա: Բացի այդ, քննարկվելու է ջիհադիստների մուտքը Թուրքիայի տարածքով կանխելու ուղիները և 1.6 մլն փախստականներին օգնություն տրամադրելու հարցը:
Նախօրեին Բայդենը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու հետ: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել շարունակել Սիրիայի չափավոր ընդդիմությանը համատեղ օգնություն ցուցաբերելու ջանքերը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սրվել էին թուրք-ամերիկյան հարաբերությունները: Պատճառն այն էր, որ Բայդենը Թուրքիայի նախագահին մեղադրել էր օտարերկրացի զինյալներին իր երկրի տարածքով Սիրիա անցնելու թույլտվություն տալու մեջ: Դա առաջացրել էր Թուրքիայի զայրույթը, իսկ մի քանի օր անց Բայդենը ստիպված էր ներողություն խնդրել: