Ռուս-վրացական հակասությունները չպետք է վտանգեն Հայաստանի շահերը
Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Վրաստանի, այլ ողջ եվրոպական մայրցամաքի համար: Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը այսօր սպառնում է Արևելյան Եվրոպայի երկրներին, իսկ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դեպքերը մեկուսացված չեն և դրանք Մոսկվայի արձագանքն են այդ երկրների Եվրոպային մոտենալուն:
Ռուս-վրացական նոր լարվածություն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս ելույթ ունենալով Պետդումայում հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտների, ապահովվում է Ռուսաստանի կողմից: Անդրադառնալով Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև հարաբերություններին Լավրովը նշել է, որ իրենք այժմ պատրաստվում են նոր պայմանագիր կնքել Աբխազիայի հետ, ընդլայնում են իրավա-պայմանագրային դաշտը Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև պատրաստ են բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ:
Ռուսաստանի բացասական արձագանքին է արժանացել նաև Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնա-վարժական կենտրոնի բացման մասին տեղեկատվությունը: Նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ու քննարկել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման հնարավորությունները:
Իր հերթին, Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնա-վարժական կենտրոնը անպայման բացվելու է և այժմ հստակեցվում են դրա տեղակայման վայրը: Մոսկվան էլ դրան արձագանքել է Սուխումի հետ նոր պայմանագրով: Ռուսաստանի կողմից դիվանագիտական խողովակներով Աբխազիայի խորհրդարան է փոխանցվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրացիայի» մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի 5-րդ կետով առաջարկվում է ստեղծել Ռուսաստանի և Աբխազիայի ԶՈւ-ի միասնական խմբավորում՝ագրեսիան հետ մղելու համար:
Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է ստեղծել միասնական պաշտպանական ենթակառուցվածք և սահմանի համատեղ պաշտպանություն:
Փաստաթղթում նշվում է, որ եթե կողմերից մեկը հարձակման ենթարկվի, ապա դա կհամարվի հարձակում նաև մյուս կողմի վրա: Ռազմական դրության դեպքում Ռուսաստանը կստանձնի հրամանատարությունը:
Աբխազիան և Հարավային Օսիան Մոսկվայի համար «մինի-ՀԱՊԿ»
Ռուսաստանը 2008թ.-ի հնգօրյա պատերազմից հետո ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այնտեղ տեղադրեց իր ռազմակայանները ու ստանձնեց Աբխազիայի և Հվ. Օսիայի սահմանների անվտանգության ապահովումը:
Ռուսաստանի, Աբխազիայի և Հվ.Օսիայի միջև ստորագրված համաձայնագրերը թույլ են տալիս Մոսկվային 49 տարի շարունակ պահպանել իր ռազմական ներկայությունը այդ տարածքներում:
Աբխազիայում տեղակայվեց ռուսական 3700 հոգանոց զորախումբը, իսկ աբխազա-վրացական և վրաց-հարավ-օսական սահմանների վերահսկողությունը ստանձնեցին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումները:
Բացի այդ, Մոսկվան ֆինանսական, դիվանագիտական, հումանիտար և այլ տեսակի աջակցություն է ցուցաբերում Սուխումիին և Ցխինվալին, հեշտացնում աբխազների և օսերի մուտքը Ռուսաստանի տարածք, քանի որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը ունի ռուսական քաղաքացիություն:
Ռուսաստանի ռազմական դոկտրինի 20-րդ կետի համաձայն, Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում կիրառել ԶՈւ-րը իր կամ դաշնակիցների նկատմամբ իրակացված ագրեսիան կանխելու, ինչպես նաև Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար:
Հայաստանի շահերից չի բխում ռուս-վրացական հակամարտությունը
Թբիլիսիի և Մոսկվայի միջև նկատվող վերջին սրացումները, պայմանավորված այդ թվում Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, չպետք է անդրադառնան հայ-վրացական բարեկամական հարաբերությունների վրա:
2008թ.-ի հարավօսական հնգօրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կարողացավ զերծ մնալ այդ հակամարտությանը որևէ ձևով ներքաշվելուց և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը ոչ մի կերպ չմիջամտեց պատերազմի ընթացքին: Հայաստանը պետք է կառուցի իր անվտանգային համակարգը, այդ թվում Վրաստանի հետ հարաբերությունները՝հնարավորինս զերծ մնալով տարածաշրջանում նոր, բաժանարար գծերի մաս դառնալուց:
Երևանի և Թբիլիսիի համագործակցության կարևոր բաղկացուցիչն է էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը: Հայաստանի համար Վրաստանը կարևոր տարանցման երկիր է, յուրօրինակ պատուհան դեպի արտաքին աշխարհ և այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսության համար կենսական նշանակության կոմունիկացիաները՝ երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ, Ռուսաստանի հետ կապող ավտոմայրուղին՝ դեպի Վերին Լարս, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան գազամուղի մի հատվածը: Վրացական կողմը հետաքրքված է նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ, քանի որ այդ դեպքում Վրաստանը օգտագործելով Հայաստանի տարանցման հնարավորությունները կկապվի Իրանի բազմամիլիոնանոց շուկայի հետ և դուրս կգա դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ:
Արտյոմ Բալասանով, վերլուծաբան