Անկարայում անցկացվել է հայ-թուրքական սահմանի բացումը խրախուսող կոնֆերանս
Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի կողմից Անկարայում կազմակերպվել է հայ-թուրքական սահմանի, հարաբերությունների հեռանկարը քննարկող կոնֆերանս, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են փակ սահմանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, հումանիստական ու տարածաշրջանային կողմերին:
Անկարայի համալսարանում կազմակերպված համաժողովի բացմանը ելույթ է ունեցել թուրք գրող Ջենգիզ Աքթարը` ասելով. «Հայաստանում ապրող մարդկանց կեսը Անատոլիայի հետ կապեր ունի: Մեջտեղում փակ սահման ունենալը կնշանակի խաթարել բոլոր այդ կապերը»:
Մեկ այլ գրող Սեզաի Յազըջըն հիշեցրել է, որ 1962-1967թթ. Թուրքիա ներմուծվող ապրանքների 60 տոկոսը ներկրվում էր Կարսի սահմանադռնից: Նրա համոզմամբ` սահմանի բացումը մեծապես կարևոր է թե Թուրքիայի և թե Հայաստանի համար:
Բանախոսների շարքում է եղել նաև Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն: Վերջինս նշել է, որ իր պաշտոնավարության ժամանակ ջանքեր է ներդրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար` ակտիվացնելով հատկապես գործարար շրջանակներին:
«Բայց եղավ պահ, երբ մեզ կասեցրեցին` ասելով. «քաղաքապետարանի ի՞նչ գործն է սահմանը, թող գնա կոյուղի սարքի»,- պատմել է Ալիբեյօղլուն:
Նա ընդգծել է, որ օրինակ Անկարան իրենցից շատ հեռու է, իսկ ահա Գյումրին ընդամենը կես ժամվա ճանապարհի հեռավորության վրա է: Ու թեև Թուրքիան Հայաստանի Հանրապետությունն առաջինը ճանաչած երկրներից է, բայց 20 տարի է, ինչ միակողմանիորեն փակ է պահում սահմանը:
Թուրքական «ԳազետեԿարս» լրատվակայքը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-23-ի համաժողովում հնչեցված ելույթները Դինքի հիմնադրամի կողմից տպագրվելու է մեկ ժողովածուի շրջանակներում: