Էրդողան. «Կանանց և տղամարդկանց միջև հնարավոր չէ հավասարություն դնել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «Կանայք և արդարությունը» առաջին միջազգային գագաթաժողովին, որը կազմակերպել է «Կինը և ժողովրդավարությունը» միությունը: Նախագահը ելույթի ժամանակ խոսել է կնոջ և տղամարդու հավասարության մասին՝ նշելով, որ կնոջ և տղամարդու բնությունն ու կառուցվածքը խիստ տարբեր են և հետևաբար նրանց մեջ հնարավոր չէ հավասարություն դնել:
Ինչպես տեղեկացնում է «Բի բի սի»-ի թուրքական ծառայությունը, Էրդողանն ընդգծել է, որ կինը հավասար է կնոջը, իսկ տղամարդը՝ տղամարդուն:
«Այն ինչի կարիք ունեն կանայք, ոչ այնքան հավասար, որքան հավասարազոր լինելն է»,- ասել է Էրդողանը նշելով, որ հղի կանանց կամ կերակրող մայրերին հնարավոր չէ հավասարության մեջ դնել նման պարտականություններ չունեցող տղամարդկանց հետ:
«Կանայք չեն կարող անել այն ամեն աշխատանքը, ինչ տղամարդիկ են անում: Չենք կարող նրանց ձեռքը բահ տալ, որ փորեն: Չի լինի այդպես: Նրանց փխրուն կառուցվածքին չի համապատասխանի»,- ասել է Էրդողանը: