ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում տեղի կունենա նաև գործարար համաժողով
Նախօրեին Ֆրանսիա մեկնած ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ից 28-ը Փարիզում կմասնակցի Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ին, ինչպես նաև ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանին: Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցը հետևյալ թեմաներով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:
ՏՀԶԿ Եվրասիական շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի նախաձեռնության և ՏՀԶԿ Կենտրոնական Ասիայի նախաձեռնության ղեկավար խմբերի հանդիպում, ինչպես նաև ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական կլոր սեղանի երկրորդ հանդիպումը:
ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում տեղի կունենա նաև գործարար համաժողով` «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում» խորագրով: Գործարար համաժողովին մասնակցելու են Եվրասիական տարածաշրջանի, ՏՀԶԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի առաջատարներ, միջազգային գործընկեր կազմակերպություններ, թեմատիկ հարցերի գծով փորձագետներ, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում` անդրազգային խոշոր կորպորացիաների գործադիր տնօրեններ, որոնց հետ գործարար կապերի ստեղծումը կարող է հետագայում հիմք հանդիսանալ երկկողմ համագործակցության համար:
Համաժողովին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակության կազմում են. էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային վարչության պետ Վահագն Լալայանը և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ բաժնի պետ Արամ Ճշմարիտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները