ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը Հաագայում` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, հայտարարել է, որ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի ու բռնության առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը:
«Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում վերջին միջադեպերի ու բռնության առնչությամբ: Դա ընդգծում է, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել»,- ասել է Ստոլտեմբերգը:
Նրա խոսքերով` քաղաքական լուծմանն այլընտրանք չկա:
«Ես չեմ տեսնում ՆԱՏՕ-ի ուղիղ դերն այստեղ, սակայն ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի գործընթացին, որպեսզի պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով խաղաղ, կայուն լուծման համար»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նախորդիվ`
ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արցախում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում