«Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն ու միայն մեր հաղթանակով». Օդաչուներին հրաժեշտ են տալիս (տեսանյութ)
Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը: Հոգեհանգստյան կարգը մատուցում է Ամենայն Հայոց Կաթողիկս Գարեգին Երկրորդը: Հոգեհանգստի արարողակարգին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ:
Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչում էր օդաչուներին. «Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Նազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների»,-ասաց նա։
Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանն էլ ասաց, որ Սերգեյ Սահակյանի հետ ծառայել է 19 տարի. «Կիսել ենք մեր ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները: Ծանր է խոսել Ազատի ու Սարգիսի միասին, երկուսն ել երիտասարդ, կարգապահ, բանիմաց սպաներ էին: Առանձնապես ուրիշ սպասելու բան էլ չկա Սաֆարովի նման ստահակին հերոսացնող պետությունից: Նրանք մեկ անգամ չէ, որ իրենց դեմքը ցույց են տվել: Անձամբ մեր զորամասի անունից տղերքին խոսք ենք տալիս, որ իրենց փայ երկնակամարին տեր ենք լինելու: Թող Հեյդարի թոռնիկներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Հատուցումն էլ այն բաժինն է, որ ստանալու են շատ սառը ու ժամանակին: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն ու միայն մեր հաղթանակով»:
Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նույն օրը ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան