Հոբելյանական երեկո՝ նվիրված Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին
Նոյեմբերի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան):
Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասիի, Հովնաթանի, Աշոտի, Շահենի, Ջիվանի, Միջազի, ինչպես նաև, Վ. Կոտոյանի, Վ. Բալյանի, Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունները:
Համերգի կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ:
Ժողովրդական արտիստ. բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը ծնվել է 1954թ.-ին: Դպրոցական կրթությունը սկսել է Թբիլիսիի թիվ 10 հայկական դպրոցում։ Հետո տեղափոխվել է Տաշիր և 1971 թ. ավարտել է Տաշիրի հայկական դպրոցը։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1972-1973), ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1977),1980-85 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դասարանը։
1971-72 թթ. աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։ 1973-74 թթ. Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում ուսմանը զուգընթաց երգել է ազգագրական երգի-պարի «Հորովել» պետական անսամբլում։ 1973-1977-ին՝ Վանաձորի « Հորովել », 1980-ից՝ հայկ. ժող. երգի-պարի համույթների մեներգիչ,1987-92-ին՝«Գանձասար» ժող. երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ Հիմնադրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը (1992), համանուն մշակութային միությունը (1995), Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997)։ Գրառել է ժողովրդական և աշուղական երգեր։ Կազմել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն (1996)։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղական արվեստի ոգուն հարազատ։ 1980-2000 թթ. եղել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի Հայաստանի պետական անսամբլի մեներգիչ։ 1987-92 թթ. հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երգի-պարի «Գաձասար» համույթը։ 1987 թ.-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում որպես տեքստաբան-դասախոս, իսկ 1995-ից դասավանդում է նաև «Հայ աշուղական արվեստ»։ 1992-ից հիմնադրել և ղեկավարում է աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը։
Նրա գիտական բազմաթիվ հոդվածներից են՝ «Ջիվանի, անհայտ երգեր», «Երկու երգ Ջիվանուց», «Ջիվանի, անտիպ էջեր», «Աշուղ Ջիվանու անտիպ երգերը», «Հայ ժողովրդական ռազմի ու զինվորի երգեր», «Հնագույն արվեստի մշակ․ Դվալի Մկրտիչ», «Ջիվանի, նորահայտ բանաստեղծությունններ», «Հայրիկ Ղազարյան», «Աշուղ Բաղդասար», «Աշուղ Օհանջյան», «Աշուղ Արամ(սարչապետցի Արամ Մխոյան)» և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին