Աշխարհում ոչ մի պետություն պատերազմի իր վետերանին մեզ նման չի նվաստացնում. ադրբեջանցի ուսուցիչ
Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի Գուբախալիլլի գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վյոգար Վագիֆօղլուն երկրի նախագահ Իլհամ Ալիևին բաց նամակ է ուղարկել` բողոքելով ցածր աշխատավարձի պատճառով իրեն ինքնասպանության աստիճանի հասցնելու համար: Նամակը հրապարակել է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Ուսուցիչը նամակում գրում է, որ 19 տարի է, ինչ աշխատում է գյուղի միջնակարգ դպրոցում` ծայրահեղ աղքատության պայմաններում մեծացնելով 3 դպրոցահասակ երեխայի:
«Մենք 5 հոգանոց ընտանիքով ձեր վճարած 200 մանաթ աշխատավարձով չենք կարողանում ապրել: Դիմացը ձմեռ է, իսկ խիստ կարիքավոր լինելու պատճառով չեմ կարողանում վերանորոգել տունս: Վարկի ու պարտքերի հետևանքով հասել եմ ինքնասպանության աստիճանի»,- նշում է ուսուցիչը:
Ինչպես գրում է «Ազադլիգը», ուսուցիչը նամակում հարկ է համարել Ադրբեջանի Միլլի մեջլիսին մի քանի առաջարկներ անել, որոնք ուղղված են երկրի սոցիալ-տնտեսական բարելավմանը:
«Պետք չէ միայն 5-6 երեխա ունեցող ընտանիքներին ամսական 30 մանաթ երեխայի նպաստ տալ, այլ պետք է նվազագույնը 50 մանաթ տալ նաև 1-3 երեխա ունեցող ընտանիքներին, որպեսզի այս աղքատ ու գործազուրկ ժողովուրդը կարողանա վճարել լույսի, գազի, այլ կոմունալ ծախսերը»,- առաջարկում է ուսուցիչը:
Նամակում շեշտված է, որ Ադրբեջանի Արցախյան պատերազմի վետերաններին տրվող «ստորացուցիչ» 45 մանաթը պետք է գոնե 100 մանաթ դառնա:
«Չգիտե՞ք, որ աշխարհի ոչ մի պետություն իր վետերանին մեզ չափ չի էժանացնում ու նվաստացնում: 45 մանաթ ստացող մեր վետերաններն ինչպե՞ս պետք է գոյատևեն»,- գրում է ուսուցիչը:
Ըստ աղբյուրի` նա իր նամակում կոչ է անում Միլլի մեջլիսին նաև ուշադրությունը սևեռել ոչ թե հարկահավաքության, այլ հողի արդյունավետ մշակմանը նպաստելու վրա:
«Ամեն տեղ սպորտային համալիրներ են կառուցվում: Հարց է ծագում` արդյոք առանց փողի, սոված ստամոքսով սպորտով զբաղվել կլինի»,- եզրափակում է նամակի հեղինակը:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջան. ի՞նչն է ուսուցչուհուն դրդել ինքնասպանության
Ադրբեջան. Երեխաների ինքնասպանության դեպքերը էականորեն աճել են
IWPR. Ադրբեջանում ներկայումս ղարաբաղյան պատերազմի 20 վետերան ինքնասպանության եզրին են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան