Թուրքիան և ԱՄՆ-ն չեն կարողացել սիրիական ճգնաժամի վերաբերյալ համաձայնության գալ
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը անցնող հանգստյան օրերին չորսժամյա բանակցությունների ընթացքում չեն կարողացել սիրիական ճգնաժամի վերաբերյալ համաձայնության գալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիան հրաժարվում է դառնալ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ կոալիցիայի ամբողջական մասը, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ «համալիր ռազմավարություն»:
«Մենք ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հետ խնդիր չունենք: Էրդողանը Բայդենին ասել է, որ նա իրենց մուսուլման չի համարում: Մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ասադի` իշխանության գլխին մնալը, սակայն նա իրենց թիրախը չէ»,-մեջբերում է թերթը դիվանագիտական աղբյուրին:
Արդյունքում Բայդենը Վաշինգտոն է վերադարձել դատարկաձեռն` Թուրքիայից չստանալով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար Ինջիրլիք օդային բազայից օգտվելու թույլտվություն, սակայն Թուրքիան ԱՄՆ-ի և կոալիցիայի այլ անդամների հետ կհամագործակցի «տակտիկական մակարդակով»: