ԱՄՆ-ն մտադիր է զինել Իրաքի սուննիադավան ցեղերին
ԱՄՆ-ն պլանավորում է զենք գնել Իրաքի սուննիադավան ցեղերի համար: Սպառազինության մեջ մտնում են AK-47 ինքնաձիգեր, ձեռքի հակատանկային նռնականետեր և ականանանետեր, որն ուղղվելու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
24.1 միլիոն դոլար ծախսելու ծրագիրը 1.6 միլիարդ դոլարի հասնող ավելի լայն ծրագրի մաս է, որի վերաբերյալ դիմումն ուղարկվել է Կոնգրեսին: Ծրագրով նախատեված է մարզել ու զինել իրաքյան ու քրդական ուժերին:
Կոնգրեսին ուղարկված փաստաթղթում նշվում է, որ սուննիադավան ցեղերի հետ համագործակցությունը «երկարաժամկետ հեռանկարում ունենալու է շատ կարևոր նշանակություն ԻԼԻՊ-ին ոչնչացնելու համար»:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ցեղերի զինված ստորաբաժանումները «կարող են Իրաքի ազգային գվարդիայի ստեղծման հիմք» հանդիսանալ, իսկ ամերիկյան զենքը մատակարարվելու է բացառապես Իրաքի կառավարության միջոցով: