Կառավարությունը 2015թ-ի բյուջեում ներկայացրել է ավելի իրատեսական ցուցանիշներ. տնտեսագետ
2015թ-ի պետական բյուջեն նախորդներից չի տարբերվում և այս բյուջեում ևս շրջադարձային փոփոխություններ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«2015թ-ի պետական բյուջեի նախագիծը նաև մասամբ բխում է ՀՀ կառավարության եռամյա ծրագրի տրամաբանությունից, և մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով Կառավարությունը այնպիսի թիրախային ցուցանիշներ է ֆիքսել, որ տարեվերջին ավելի հեշտ լինի դրանք կատարել: Այսինքն` ի տարբերություն նախորդ տարիների բյուջեների, 2015թ-ի բյուջեի նախագիծում ներկայացված են ավելի համեստ, ավելի հավակնոտ ցուցանիշներ»,- նշեց տնտեսագետը:
Նրա խոսքերով` դա պայմանավորված է նրանով, որ Կառավարությունը գիտակցում է ներկայիս տնտեսական իրողությունների բարդությունները, ուստի չի ցանկանում ներկայացնել ուրճացված թվեր, այլ ներկայացրել է ավելի իրատեսական ու կատարման տեսանկյունից ավելի դյուրին ցուցանիշներ:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նույնպես նշեց, որ բյուջեն իր գաղափարախոսությամբ չի տարբերվում նախորդից և 2015թ-ի պետական բյուջեն ևս ունի սոցիալական ուղղվածություն:
«Եթե սոցիալական ոլորտը կազմում է 47 և ավելի տոկոս, ապա կարելի է ասել` մենք ունենք սոցիալական ուղղվածության բյուջե»,- նշեց տնտեսագետը:
Ըստ նրա` բյուջեի ցուցանիշները համեստ են, քանի որ հաշվի է առնվել ԵՏՄ-ին անդամակցությունը և դրա հետ կապված անորոշությունը:
«Այսինքն` առաջանցիկ տեմպեր նախատեսելու դեպքում, երբ տնտեսական իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվում, դժվար է բյուջեում ամբիցիոզ նպատակներ դնել: Սա է պատճառը, որ մարտահրավերների դեմ պայքարելու համար բյուջեի ցուցանիշներն ավելի համեստ են»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսության ճյուղային մասով, ըստ տնտեսագետի, պետբյուջեում այնպիսի ցուցանիշներ են նախատեսված, որոնց իրագործումը հնարավոր է:
«Բոլորն էլ իրագործելի են, սակայն սրանցով տնտեսության զարգացում, մրցունակության ապահովում, կարծում եմ, չի հաջողվի: Շինարարության ոլորտում կունենանք որոշակի անկում, արդյունաբերությունը կաճի 3,7 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4,2 տոկոս, ծառայությունների ոլորտում կգրանցվի 4,5 տոկոս աճ: Այսինքն` սրանք այնպիսի ցուցանիշներ են, որոնք իրագործելի են»,- ասաց Վ.Խաչատրյանը: