«Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է». Այսօր Մոնթեն կդառնար 57 տարեկան
«Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են»:
Այսօր Արցախի հերոս, ՀՀ ազգային հերոս, Հայ Դատի և Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանը կդառնար 57 տարեկան:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1973 թ.-ին որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը: Տիրապետել է 7 լեզուների:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում` ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ: Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: 1983թ.-ին գործելաձևի և կազմակերպչական տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով: Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: 1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել:
1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ:
Երևանում 7 ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ, իբրև թարգմանիչ` Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան:
1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտական ընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։
«Ապացուցված է, որ գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը»:
«Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է»:
«Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին` զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց»: