ՌԴ Միգրացիոն ծառայությունը նոր հնարավորություն է տալիս արտագնա աշխատանքի մեկնողներին
ՌԴ Աշխատանքի հարցերով նախարարությունը և Դաշնային միգրացիոն գործակալությունը մտադիր են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներին օժանդակություն ցուցաբերել օրինական աշխատանք գտնելու հարցում: Տեղեկացնում է «Իզվեստիա» պարբերականը:
Հաղորդվում է, որ այս նպատակով Դաշնային միգրացիոն ծառայության կայքում հրապարակվելու են բոլոր այն ընկերությունների անունները, որոնք աշխատանքի են վերցնում օտարերկրյա քաղաքացիների: Ըստ այդմ` արտագնա աշխատանքի մեկնողները մինչ ՌԴ մեկնելը հնարավորություն կունենան առցանց ռեժիմով իրենց աշխատանքային որակներին համապատասխան օրինական աշխատանք գտնել, որը նվազագույնի կհասցնի արդեն ՌԴ-ում հայտնվելիս խաբեության և շահագործման ենթարկվելու հավանականությունը:
Նման նախաձեռնության առիթը արտասահմանցիների և առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման համակարգում ակնկալվող փոփոխություններն են: Մասնավորապես` նախատեսվում է միասնական պատենտի գործարկում, որի ձեռք բերման դեպքում անձը կկարողանա աշխատել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ:
Պատենտը հնարավոր կլինի ձեռք բերել սահմանն հատելուց հետո 30 օրվա ընթացքում: Վերջինիս գործունեության ժամկետը սահմանված է մեկ ամիս, սակայն պատենտ ձեռք բերողը կարող է երկարաձգել ժամկետները` համապատասխան մարմին դիմելու դեպքում: Գների մասով նշվում է, որ ցուցաբերվելու է տարբերակված մոտեցում` ըստ շրջանների: Համապատասխանաբար էժան են լինելու այն շրջաններում տրվող պատենտները, որոնք աչքի են ընկնում օտարազգի աշխատուժի մեծ պահանջարկով: