Սեյրան Օհանյան. Հակառակորդը, թիկունքից հարվածելով հայկական բանակին, միշտ դիմահար ուժեղ հարված է ստանալու
«Հինգ օր առաջ Եռաբլուրում ՀՀ առաջին հանրապետության պաշտպան Սեպուհի աճյունասափորը հուղարկավորելուց հետո պարզ էր, որ մենք հաստատակամ ենք հետ վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի անկախության համար: Խոսքը առաջին հերթին վերաբերվում էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի միջդիրքային տարածությունում գտնվող մեր օդաչուների աճյուններին»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին հուղարկավորության արարողության ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա, խոնարհվելով իրենց պարտքը փառքով կատարած օդաչուների առջև, ՀՀ ՊՆ ողջ անձնակազմի անունից իր խորին ցավակցություն հայտնեց զոհերի հարազատներին և շնորհակալություն հայտնեց հատուկ գործողության մասնակիցներին և այդ գործողությունը մշակողներին:
«Նրանք իրականացրեցին յուրաքանչյուր հայի սպասումը և միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրեցին Արցախի երկնքի պահապաններին»,-նշեց Ս.Օհանյանը:
Ս.Օհանյանը նշեց, որ 2014թ.-ը դժվարին տարի եղավ Հայաստանի և հայկական բանակի համար:
«Բաքուն Մարտակերտում անփառունակ ջախջախման մատնեց իր հատուկ ջոկատայիններին, ապա Քարվաճառ ուղարկեց 16 տարեկան պատանուն հոշոտող մարդասպաններին, ովքեր Ստեփանակերտի դատարանում մեկը մյուսին մեղադրելով փորձում են սեփական մորթին փրկել»,-նշեց պաշտպանության նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը խոցելով անզեն և ուսումնական վարժանք իրականացնող ուղղաթիռը հետագայում թույլ չէր տալիս օդաչուների աճյունները տեղափոխել հայրենիք:
«Մինչև դիվագետները փորձեցին ճանապարհ հարթել աճյունները հետ բերելու համար, զինվորները գործեցին՝լսելով գերագույն հրամանատարի պատգամը» ,-նշեց Ս.Օհանյանը:
Նրա խոսքով, հակառակորդը, փորձելով թիկունքից հարվածել հայկական բանակին միշտ էլ դիմահար ուժեղ հարված է ստանալու:
ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ տոկունություն և համբերություն մաղթեց օդաչուների հարազատներին և շնորհակալություն հայտնեց օդաչուներին՝ իրենց պարտքը փառքով կատարելու համար:
Իր հերթին, հուղարկավորությանը ներկա ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը պարգևներ հանձնեց զոհված օդաչուների հարազատներին՝ կատարելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կարգադրությունը:
Նախորդող`
«Եռաբլուր»-ում զինվորական արարողակարգով հուղարկավորում են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (լուսանկարներ, տեսանյութ)