Նախարարը հանձնարարել է հղիների մահվան դեպքերը ևս մեկ անգամ խորությամբ քննարկել
Մայրական մահացության դեպքերի վերլուծության նպատակը, անկախ իրավական և վարչական տույժերից, կազմակերպչական և բժշկական բացթողումների առկայության բացահայտումն է և առաջիկայում դրանց բացառումը։ Այս մասին մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ԱՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նիստի ժամանակ ներկայացվել եննախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Խորհրդի անդամների լրացուցիչ հարցերն ուղղված էին ստեղծված իրավիճակների և իրականացված քայլերի առավել հստակ գնահատմանը։
Օրակարգում ընդգրկված դեպքերը մանրամասն վերլուծության են ենթարկվել։ Խորհրդի անդամներն ու նախարարության գլխավոր մասնագետները ներկայացրել են իրենց տեսակետները։
«Մայրական մահացությունն ամենից ցավոտ հարցն է, և պետք է ամեն ինչ անենք դրանք հնարավորինս կանխելու համար»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ բուժհիմնակներում թույլ տրված կազմակերպչական բացթողումների համար հավասարապես պատասխանատու են ինչպես հերթապահող կամ վարող բժիշկները, այնպես էլ` բուժհաստատությունների ղեկավարները։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է շրջաբերականներ ուղարկել առաջնային օղակի մանկաբարձագինեկոլոգիական բոլոր կազմակերպություններին, որպեսզի խստորեն հետևեն հղիության վարման և ծննդալուծման գործող չափորոշիչներին։ Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարել է մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։
Արմեն Մուրադյանն առաջնային օղակի և ծննդատների մասնագետներին խստորեն հանձնարարել է աշխատել համագործակցված, հղիներին այս կամ այն բուժհաստատություն ուղեգրելիս լիարժեք տեղեկատվություն տրամադրել, այնուհետև հետաքրքրվել նրանց հետագա վիճակով։
Նաև հանձնարարվել է Արմավիրի և Գավառի մարզերի հղիների մահվան դեպքերը ևս մեկ անգամ խորությամբ քննարկել առողջապահության վարչություններում` ուշադրության կենտրոնում պահելով բոլոր մանրամասներն ու հանգամանքները։
«Անրաժեշտ է նոր մոտեցումներ որդեգրել, օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից, այդ թվում` հեռաբժշկությունից»,-ասել է նախարարը։
Արմեն Մուրադյանի հրամանով այսուհետև կքննարկվեն նաև կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերը։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացության ցուցանիշները նվազեցնելու գործին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա