«Բրիթիշ Փեթրոլիումի գաղութ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսելու»
«Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսելու, այս պահին նա Բրիթիշ Փեթրոլիումի գաղութն է: Մեծ Բրիտանիան այդ երկրում ունի իր հստակ շահերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությանը, ասաց ՀՀ Մարդու Իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ըստ Լ. Ալավերդյանի, Մեծ Բրիտանիան չի կարող թույլ տալ, որ իր գոնե մեկ նավթային խողովակը վնասվի և Բաքվին միայն մնում է դիմել խուժանական քայլերի` կացնով սպանել քնած սպային կամ խոցել անզեն ուղղաթիռը. «Ադրբեջանը չի կարողանում գործել այնպես, որպեսզի չխախտի Ժնևյան կոնվենցիաները»:
Նրա խոսքով, Հայաստանի և ԼՂՀ-ի համար մեկ մարդու կորուստը շատ ծանր է և բանակը պետք է հասնի նրան, որպեսզի զինվորները այլևս երբեք ոչ մի ծուղակի մեջ չընկնեն. «Իլհամ Ալիևը իրեն դրել է այնպիսի դրության մեջ, որ խաղաղության կոչ չի կարող անել և հետքայլ չի կարող անել: Իլհամ Ալիևը մերժում է այն բոլոր խոստումները, որ նա տվել է իր հորը` Հեյդար Ալիևին, ով ավելի ճկուն էր և ում օրոք հայկական և ադրբեջանական հասարակությունների շփումները բավականին ակտիվ էին: Ադրբեջանի միակ նպատակն է ահաբեկել հայկական հասարակությանը»: