Հայաստանում թվայնացման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ թվային հեռարձակման ներդրման գործընթացի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում և մամուլի ասուլիս։ Քննարկմանը ներկա էին հեռուստաընկերությունների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մեդիա փորձագետներ,լրագրողներ, ոլորտի մասնագետներ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում խոսելով թվային հեռուստահեռարձակման կարևորության մասին նշեց, որ Հայաստանում հեռուստահաղորդակցության թվայնացումը ժամանակի ամենամեծ փոփոխություններից է, որի ներդրման համար պետական մեծ միջոցներ են տրամադրվել։
Հայաստանում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։
Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» անցումային օրենքով որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար։
Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։
Թվայնացումը էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիայի քանակը։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների, թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։
Թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաև որոշ ծախսեր բնակչության կողմից՝ ապահովելու իրենց հեռուստացույցները թվային ընդունիչներով։
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ չնայած լարված ռեժիմին, աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։
Միջոցառմանը ներկա հեռուստաընկերությունների պատասխանատուները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, մեդիա փորձագետներն ու լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին։
Դրանք առավելապես վերաբերում էին բնակչության անապահով շերտերի համար թվային հեռարձակման ապահովման, հեռարձակման որակի խնդիրներին, ընդունիչ սարքերի հնարավորություններին և այլն։ Նախարարը պատասխանեց բոլոր հարցերին։
Այնուհետև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը։ Միջոցառումը եզրափակվեց կլոր-սեղան քննարկմամբ, որի ընթացքում Գրիգոր Ամալյանը ներկաներին հետաքրքրող մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին