Այգեկ համայնքի դպրոցին նվիրաբերվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա
Արմավիրի մարզի Այգեկ համայնքի դպրոցում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ տեղի հարակից համայնքների երիտասարդներն ու դպրոցականները հնարավորություն կստանան իրագործել իրենց ինժեներական մտահաղացումները, կատարելագործել հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտնում է, որ Այգեկի միջնակարգ դպրոցում 2013 թվականից արդեն գործում է ռոբոտաշինական խմբակ, որի մասնակիցները հաջողությամբ իրականացնում են ռոբոտաշինական ծրագրեր և լուրջ արդյունքներ են գրանցել տարբեր ստուգատեսներում ու մրցույթներում: Այն ինժեներական մտածողություն և հակումներ ունեցող երեխաների ի հայտ բերման և ապագա մասնագիտական կողմնորոշման յուրատեսակ միջավայր է դարձել: «Նաիրի» լաբորատորիայի հիմնումը դպրոցականներին նոր հանարավորություններ կտա ժամանակակից ինժեներական հմտությունների ձեռք բերման համար:
«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրություն և բիզնես համագործացության հաջող օրինակ է և ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա խնդիրների լուծումներ։
«Մեր ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա և խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին և համագործակցությանը։ Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության և գործիքների վրա և երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքները»,-ասել է Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը:
Այգեկի «Նաիրի» լաբորատորիայի տեղադրմանը հովանավորել է Մենթոր Գրաֆիկս ընկերությունը, որ մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական կրթության զարգացմանը և պարբերաբար իրագործում է բազմաթիվ կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
«Մենք կարևորում ենք դպրոցականների շրջանում նախնական ինժեներական հմտությունների դասավանդումը, քանի որ դրանով աշակերտներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տրվում: Միաժամանակ սա նպաստում է համալսարանների տեխնոլոգիական ֆակուլտետների վաղվա ուսանողների նախնական մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակի ձևավորմանը», -նշել է Մենթոր Գրաֆիկս ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը:
Դպրոցականների շրջանում տեխնոլոգիական մտածողության զարգացման, ինժեներական սկզբնական գիտելիքների մատուցման և հետագա մասնագիտական կողմնորոշման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ճարտարագիտական լաբորատորիաների ներդրման ծրագրիրը: Դրա շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են շուրջ 60 ռբոտաշինական խմբակներ, որոնցից 5-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով: Մինչև 2018թ. վերջ լաբորատորիաները կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
«Մեր ռազմավարության շրջանակում ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցականների մոտ մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և տեխնոլոգիական կրթության արմատավորմանը: Արդեն Մանկավարժական համալսարանում բացվել է նմանատիպ լաբորատորիա և դպրոցներում «Նաիրի» լաբորատորիաների առակայությունը դպրոց- բուհ արդյունավետ կապի և համագործակցության լուրջ երաշխիք է»,-ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա