Աբրամ Բախչագուլյանը կարաոկե ակումբ է հիմնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Փորձառու պետական չինովնիկ Աբրամ Բախչագուլյանն իր ուժերը տարբեր ոլորտներում է փորձել: Նա աշխատել է «Մելլաթ» բանկում, ԿԸՀ քարտուղար է եղել, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: Հիմա էլ որոշել է խրախուսել երգեցողությունը ՀՀ-ում: Բախչագուլյանին վերջերս անընդհատ տեսնում էին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի անկյունում գտնվող նոր «օբյեկտում». օրերս այն բացվեց շախով-շուխով, մեծ աղմուկով: Քանի որ կարաոկեն նկուղային հարկում է, շենքի բնակիչները չեն կարողացել տեսնել, թե ներսում ինչ է կատարվում, բայց պատմում էին, որ ամբողջ բակը, որտեղ նախկինում վիզաների վարչությունն էր, շրջապատված է եղել շքեղ մեքենաներով: Իսկ դրսում կարաոկեի տերը պլազմա-հեռուստացույց է դրած եղել: Շենքի բնակիչները վստահեցնում էին, որ կարաոկեի տերը Աբրամ անունով մի հզոր պաշտոնյա է, և շատ հիասթափվեցին՝ իմանալով, որ սույն պաշտոնյային արդեն գործից հանել են: Իմիջիայլոց, ասում են, որ Աբրամ Բախչագուլյանը երգելու սիրահար է և Սննդամթերքի անվտանգության ծառայության խրախճանքների ժամանակ ձայնակցել է «կենդանի» երգող երաժիշտներին»: