Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից կազմված պատվիրակությունը կմեկնի Իսրայել. Իրանական ԶԼՄ-ների արձագանքը
«Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից կազմված պատվիրակությունը կմեկնի Իսրայել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, հղում անելով Իսրայելի 2-րդ հեռուստաալիքին, նշում է, որ Ադրբեջանի ազգային գվարդիայի ղեկավարը, հատուկ նշանակության զորքերի հրամանատարներն ու ՊՆ զինվորականները որոշում են կայացրել առաջիկայում Իսրայելում կազմակերպվելիք զենքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակություն ուղարկել Թել Ավիվ:
Նշվում է, առաջին անգամն է, որ Ադրբեջանից նման բարձրաստիճան պատվիրակություն է մեկնելու Իսրայել:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը, անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև հաստատված ռազմական համագործակցությանը, մասնավորապես նշում է. «Իրանը բազմիցս է Ադրբեջանի պաշտոնյաներին մեղադրել այն բանում, որ նրանք թույլատրում են, որպեսզի իսրայելցի լրտեսներն Ադրբեջանի տարածքից հակաիրանական հետախուզական գործունեություն իրականացնեն: Բացի այդ՝ ս.թ. օգոստոս ամսին Իրանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է հատել Իրանի օդային սահմանը և Իրանի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան. Թեհրանը Բաքվին հորդորում է չմիջամտել իր ներքին գործերին