Հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել էլեկտրական սղոցով կտրված ձեռքը
Երբ 74-ամյա Եսլով Գևորգյանին շտապօգնությունը տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա չէր էլ պատկերացնում, որ փայտ կտրելու ժամանակ էլեկտրական սղոցով կտրված ձեռքը բժիշկներին կհաջողվի վերականգնել: Նշենք, որ Եսլով Գևորգյանի աջ ձեռքը էլեկտրական սղոցից լուրջ վնասվածք էր ստացել և անդամահատման եզրին էր:
Վերակենդանացման բաժանմունք արագ հոսպիտալացված հիվանդը բժիշկներից մի բան էր խնդրել` կամ չկանգնեցնել արյունահոսությունը, կամ էլ` այնպես անել, որ առանց ձեռքի տուն չգնա:
Լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանն ասաց, որ Եսլով Գևորգյանը հոսպիտալացվել է նոյեմբերի 23-ին` ժամը 14:45-ին:
«Շատ արյուն էր կորցրել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո կյանքի ցուցումով վիրահատություն է նշանակվել: Սղոցի վնասվածքի հետևանքով վնասվել էր նախաբազկի ամբողջ մկանները, սնուցող մագիստրալ անոթները, դաստակը, դաստակը սնուցող անոթները, նաև մկանները»,- նշեց Ա. Իկիլիկյանը` հավելելով, որ իրենց գլխավոր խնդիրը ձեռքը պահպանելն է այնպես, որ արյունը սկսի հոսել առաջվա նման, նյարդերը զգալու հնարավորություն ունենան: Հակառակ դեպքում, ըստ նրա, անդամահատումը միակ տարբերակն էր:
Չորս ժամ տևած վիրահատությունի հետո վերականգնվել է հիվանդի ողջ մկանային ապարատը, նյարդերը և նույնիսկ վնասված զարկերակները՝ դաստակի արյան մատակարարումը վերականգնելու համար:
«Հիմա զարկերակները լիարժեք սնուցվում են, իսկ նյարդերը դեռևս ժամանակ ունեն վերականգնվելու»,- ընդգծեց միկրովիրաբույժը:
Այժմ Եսլով Գևորգյանը հիվանդասենյակում է, նրա վիճակը կայուն է։ Մասնագետները պարբերաբար դոպլեր սարքի օգնությամբ ստուգում են նրա ձեռքի անոթները՝ համոզվելու համար, որ խցանումներ ու արյան շրջանառության հետ կապված խնդիրներ չկան։
«Ես ոչ մի ցավ չեմ զգում: Ասել եմ, որ եթե ձեռք չունենամ, ավելի լավ ա` չլնեմ: Հիմա կարողանում եմ մատներս շարժեմ, չնայած բժիշկները դեռ չեն թողնում: Բայց զգում եմ, որ շարժելու եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Եսլով Գևորգյանը:
Ա. Իկիլիկյանն էլ հայտնեց, որ այժմ հիվանդի դաստակը լիարժեք սնուցվում է, արյան հոսքը լիարժեք է, նրա վիճակը բավարար է, ցավերն էլ աննշան են: Ուստի մասնագետը կարծում է, որ վերականգնողական շրջանն առանց բարդությունների կանցնի, իսկ հիվանդին էլ մոտ 7-8 օրից դուրս կգրեն հիվանդանոցից։
Միկրովիրաբույժի խոսքերով` հիվանդի ձեռքի զգացողությունը կվերականգնվի մոտ 8 ամսից։
Ա. Իկիլիկյանը նշեց, որ նման դեպքեր, հատկապես այս շրջանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժները հաճախ են տեսնում:
«Հիվանդի` ամբողջությամբ կամ կիսով չափ կտրված, վնասված վերջույթը վերականգնելու համար բաժանմունքի մասնագետներն աշխատում են երբեմն ամբողջ թիմով»,- ասաց միկրովիրաբույժը: