Թոմաս դե Վաալ. Հայաստան-Թուրքիա. ունենք 2 ստորագրություն, չունենք գործընթաց
Հոկտեմբերի 22-23-ը Անկարայի համալսարանում տեղի է ունեցել «Փակ դարպաս՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով: Մասնակիցներից մեկը` «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով բրիտանացի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, պատասխանելով «Ermenihaber.am»-ի հարցերին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին:
- Ինչպե՞ս եք տեսնում հարաբերությունների ապագան: Ի՞նչ եք կարծում` մի օր Թուրքիան կմոռանա՞ Ադրբեջանի գործոնը ու կբա՞ցի Հայաստանի հետ սահմանը:
- Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ես, ցավոք, բավական վատատեսական մոտեցում ունեմ: Հայկական կողմում առկա բացասական արձագանքները՝ առավելապես սփյուռքի կողմից, ՀՀ նախագահին ավելի զգուշավոր են դարձնում, իսկ Ադրբեջանի ճնշումն է թուրքական կողմին զգուշավոր դարձնում: Արդյունքում՝ մենք ունենք 2 ստորագրություն, բայց չունենք գործընթաց: Եվ ցավոք, Ադրբեջանի դիրքերը Թուրքիայում գնալով հզորանում են, ուստի կարծում եմ, որ ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի: Ահա թե ինչու են սահմանի բացման շանսերը բավականին փոքր: Ու դա բխում է Ադրբեջանի շահերից:
- Ամեն դեպքում չենք կարող ժխտել, որ հասարակությունների միջև որոշակի շփումներ կան:
- Այո, չենք կարող ժխտել: Այնուամենայնիվ, փոքր քայլեր արվում են երկու հասարակությունների շփման մեջ: Առևտրի, մշակույթի և այլ բնագավառներում կան որոշակի շփումներ: Այն փաստը. որ այսօր Անկարայում տեղի է ունենում հայ-թուրքական համաժողով արդեն առաջընթաց է: 10 տարի առաջ նման բանի մասին նույնիսկ մտածել չէինք կարող: Ճիշտ է, շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ, առաջընթաց կա: Սա կարևոր գործընթաց է: Բացի այդ թուրքական հասարակությունը հիմա ավելի բաց է և ունի այլ մոտեցում թե հայկական հարցի և թե սահմանի բացման վերաբերյալ:
- Կարծում եք, որ հասարակական կարծիքը կարող է պարտադրել պետական քաղաքականության մեջ կուրսի փոփոխությո՞ւն:
-Ոչ անմիջապես: Դա երկար ժամանակ կպահանջի: Սերնդափոխություն է տեղի ունենում: Ես այն համոզմանն եմ, որ նոր սերունդն ավելի հանդուրժող է: Բայց ամեն դեպքում այս գործընթացը երկար ժամանակ կպահանջի:
- Իսկ ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիայից որևէ քայլի ակնկալիք պե՞տք է ունենալ:
- Որևէ խոշոր նշանակության քայլ չեմ ակնկալում: Թուրքիայի նախագահը, բնականաբար, Հայաստան չի մեկնի: Սակայն ինչ-որ փոքր քայլեր ամեն դեպքում հնարավոր է, որ արվեն: Ներողություն, որ այսքան վատատես եմ:
Աստղիկ Իգիթյան / Անկարա