Վերա Բրեժնևա. «Շնորհակալ եմ Երևանից ջերմ ընդունելության համար»
«Ես շատ եմ տպավորված Հայաստան կատարած իմ այցից և շատ շնորհակալ եմ Երևանից ջերմ ընդունելության համար: Բոլորին առողջություն եմ մաղթում»,-Instagram-ի իր էջում այսպիսի գրառում է կատարել ռուսական շոու-բիզնեսի աստղ, երգչուհի ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան:
Նշենք, որ ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան:
Նրանք հանդիպել են ՀՀ առողջապահության նախարարի հետ, այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ինչպես նաև ներկա եղել ՄԱՁԻԱՀ-ի կողմից Երևանում կազմակերպված «Մարդու իրավունքների ինտեգրումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրերում» թեմայով սեմինարին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի լրատվական ծառայությունը:
Վերա Բրեժնևան հատուկ ուշադրություն է հատկացրել այն հայ կանանց հետ հանդիպումներին, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:
«Ուրախ եմ Երևան այցի համար, այժմ արդեն՝ նոր դերում, - ասել է Վերա Բրեժնևան: - Ես հնարավորություն ունեցա հանդիպելու կանանց, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում »,- ընդգծել է Բրեժնևան:
Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անելու նույնը:
ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպանի դերում Վ. Բրեժնևան մասնակցելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման և կանխարգելման ծրագրերին՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: Նա զբաղվելու է նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման խնդրի իսպառ վերացման և ՄԻԱՎ-ից զերծ նոր սերունդ ունենալու, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի խթանման հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա