«Վերջին ժամանակներում ներկայացված փնթի նախագծերից մեկն է». Հղիների նպաստի մասին
«Կանանց չեն ընդունելու աշխատանքի, քանի որ նրանք պոտենցիալ հղիացող են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին նման տեսակետ հայտնեց փաստաբան, Կոնցերն Դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ բիզնես միջավայրը չի վճարելու և ճանապարհ են բացվելու արտագաղթի համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ նախագծի` 2015թ-ի հունվարից նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց մայրության նպաստը, իսկ 2016թ-ի հունվարից նպաստ վճարել չաշխատող կանանց:
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանն էլ ասաց. «Գումարը չի նպատում երեխա ունենալուն, բայց գումար չունենալը կարող է նպաստել երեխա չունենալուն»:
Հանդիպմանը ներկա Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Փայլակ Թադևոսյանն էլ դիտարկեց, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը վերջին ժամանակներում ներկայացված փնթի նախագծերից մեկն է. «Անգամ հիմնավորումներ ներկայացված չէին նախնական տարբերակում: Այս նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնք կան»:
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ հակադրվելով Փ. Թադևոսյանին՝ ասաց, որ օրենքը դոգմատիկ չէ և կարելի է անընդհատ փոփոխել. «Ես կողմ եմ մայրացող կանանց շահերը պաշտպանելուն, և դեմ եմ չարաշահումներին»:
Նախորդող հրապարակումներ՝
Հղիների նպաստի կրճատման նախագիծը` ԱԺ լսումներում
Հղիների նպաստի կրճատման օրենքի դեմ ցույցեր կանցկացվեն կառավարության և նախագահականի դիմաց
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի. Սաիյանը՝ լրամշակված փաթեթի մասին