«Աշտարակ կաթ»-ում չգիտեն, երբ կարող են մարել գյուղացիների պարտքերը
«Աշտարակ կաթ» ընկերությունում չգիտեն, թե երբ կարող են մարել գնած կաթի դիմաց գյուղացիներին ունեցած պարտքերը:
Հիշեցնենք, որ ընկերությունը չի կարողանում մարել նրանց պարտքերը, ինչի հետևանքով գյուղացիները հրաժարվում են այս ընկերությանը կաթ վաճառել:
Ընկերությունը գյուղացիներից կաթ գնելը համարում է մեծահոգություն ու բարեգործություն գյուղացու համար: Panorama.am-ին ի պատասխան ընկերության մամուլի բաժնից մասնավորապես ասել են. «Հայ գյուղացուն օժանդակելու և իր կաթի հետ միայնակ չթողնելու նպատակով «Աշտարակ կաթ» ընկերությունը ամռանը կաթը մթերում է իր արտադրական պահանջից ավելին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համայնքների մեծամասնությունում հանդես է գալիս միակ կաթ մթերող ընկերությունը»:
Ընկերությունից նշում են, որ ավելցուկային կաթը ուղղվում է պանրի և չոր կաթի արտադրությանը, սակայն դրանց վաճառքն իրականացվում է հետագա ամիսներին:
«Արդյունքում, ընկերությունում ժամանակավորապես առաջանում է շրջանառու միջոցների պակաս, և գոյանում է որոշակի պարտք: Ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:«Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը»,-նշված է ընկերության պատասխանում:
Ընկերությունը չի հստակեցնում, թե այս պահին ինչքա՞ն է կազմում մթերած կաթի դիմաց պարտքը: Նշենք, որ միայն մի գյուղում մեկ ամսվա համար ընկերությունը գյուղացիներին պարտք է մնացել 4-5 մլն դրամ:
Եթե այս պահին գյուղացիները հրաժարվում են կաթ վաճառել ընկերությանը, ի՞նչ է օգտագործում «Աշտարակ կաթ»-ը արտադրանք ստանալու համար: Այս հարցն անպատասխան են թողել, ուստի կարելի է միայն ենթադրություններ անել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան